World Armenian Youth Network

Դեմ ռասիզմին. բոլորը հավասար են

Մարտի 17-25-ը, հարյուրավոր միջոցառումներ տեղի ունեցան ամբողջ Եվրոպայում պայքարելու ռասիզմի դեմ և սատարելու բաց, ներգրավող և միացյալ հասարակություններին։ Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը միացել էր Գործողությունների շաբաթվան առաջխաղացնելու հանդուրժողականությունը, բազմազանությունը և coffee-5համերաշխությունը։ Շաբաթվա կարգախոսն էր «Բազմազանությունը երբեք շատ չէ», որը նպատակ ունի ընդգծելու մեր նմանությունները, քան տարբերությունները։ Մենք դեմ ենք ռասիզմի բոլոր դրսևորումներին և տոնում ենք բազմազանությունը, որը հարստացնում է եվրոպական հասարակություններին։

Ոստայնը նույնպես միացել է Ռասիզմի դեմ պայքարի Եվրոպական շաբաթ 2018-ին՝ հայտարարելով էսսեների մրցույթ։ Ստորև ներկայացնում ենք Սյուզաննա Արաբյանի էսսեն։

***

Խտրականությունը հասարակության ամենավատ դրսևորումներից է, որը կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ: Մի շարք միջազգային պայմանագրերով, տարբեր համաձայնագրերով և ներպետական կարգավորումներով սահմանվում է բոլորի հավասարությունը օրենքի առջև, ինչպես նաև խտրականության արգելքը: Խտրականությունը կախված սեռից, ռասայից, ազգային պատկանելիությունից, կրոնից, սոցիալական դիրքից և ցանկացած այլ հատկանիշներից արգելվում է: Չնայած այս ամենին՝ դեռևս շարունակվում է մարդկանց խտրական վերաբերմունքը՝ մեկի կողմից մյուսի հանդեպ՝ հիմնված տարբեր հատկանիշների վրա:

Իսկ ի՞նչ է ռասիզմը. ամենապարզ բնորոշմամբ՝ խտրականություն է՝ հիմնված ազգային պատկանելիության վրա: Նկատել եմ, որ շատ հաճախ ռասիզմ ասվածը շատ ազգեր ներկայացնում են այլ քողի տակ՝ ինչպիսին է ազգապահպանության ձգտումը: Կարծում եմ ՝ Հայաստանում գործ ունենք հենց այս հիմնախնդրի հետ: Շրջապատում հանդիպել եմ շատ դեպքերի, երբ ծնողները հրաժարվում են ընդունել իրենց երեխայի ամուսնությունը այլ ազգի ներկայացուցչի հետ: Սակայն վստահ եմ՝ դա ոչ մի դեպքում արդարացնել հնարավոր չէ, քանի որ դրանք իրենց էությամբ տարբեր երևույթներ են: Ճիշտ է՝ մշակույթի պահպանությունը շատ կարևոր է յուրաքանչյուր ժողովրդի համար, սակայն միայն ազգային հիմքի վրա մարդուն պիտակավորելը, բացասաբար վերաբերվելը, գտնում եմ, մեղմ ասած անկրթություն և տգիտություն է:

Հայաստանում խտրական վերաբերմունքը առավել  հատուկ է միջին և մեծ տարիք ունեցող անձանց: Իմ կարծիքով՝ այդպիսի վերաբերմունքի արմատները գալիս են սովետական հասարակարգից, որի գաղափարախոսության հիմքում ընկած էր «բարձր» և «ստորին» ռասաների գոյությունը: Ինչ վերաբերում է երիտասարդների շրջանում ռասայական խտրականությանը, գտնում եմ, որ ներկայումս երիտասարդներն առավել իրավագիտակ են և առավել հանդուրժող, քան մեծահասակները: Առօրյայում հանդիպել եմ  ռասիզմի դրսևորման ևս մի օրինակի. երբ մի այլազգի երիտասարդ Երևանի կենտրոնում իր կրոնական աղոթքի պահանջմունքներն էր բավարարում, նրան մոտեցել էին 2 կին և խնդրում էին՝ դադարացնել իր աղոթքը, իսկ երիտասարդը հրաժարվում էր: Կանայք բարկացած բղավում էին, թե ինչպես կարելի է նման վարքագիծ ցուցաբերել, և ինչ պետք է սովորեն մեր երեխաները՝ այս ամենը տեսնելով: Այս կանանց վարքագիծը ինքնին ռասիզմի դրսևորում է: Խտրականության վերացման համար պետք է գիտակցել, որ աշխարհում տիրում է բազմազանություն, յուրաքանչյուր ազգ ունի իր սովորույթները, կրոնը, առանձնահատկությունները և դրանում ոչ մի բացասական երևույթ և դատապարտելի արարք չկա:

Ինչ վերաբերում է պետական մակարդակով ռասայական խտրականությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանը այդպիսի վերաբերմունք չի ցուցաբերում: Ներկայումս Հայատանում կան մի շարք ազգային փոքրամասնություններ, որոնք ապրում են խաղաղ կյանքով, և պետությունը նրանց ապահովում է մարդու և անհատի համար նախատեսված բոլոր իրավունքներով և ազատություններով: Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, միայն օրենսդրական մակարդակով այն կարգավորելը արդյունավետ և բավական չէ: Ուսումնասիրելով ռասայական խտրականության աղբյուրները՝ պարզեցի, որ այն ունի առավել խորը հետևանքներ: Ռասայական խտրականությունը կարող է տանել օտարատացույության: Դրա վատագույն դրսևորում է նաև ցեղասպանությունը, որը ոճիր է՝ հիմնված որևէ ցեղի պատկանելիության վրա: Ինչպես տեսնում ենք, ռասիզմը կարող է ունենալ շատ ավելի խորը հետևանքներ, քան մենք կարող ենք պատկերացնել: Այն խոչընդոտում է ազգերի միջև բարեկամական և խաղաղ հարաբերությունների ձևավորմանը և կարող է հանգեցնել խաղաղության և անվտանգության խախտմանը, ինչպես պետության արտաքին հարաբերություններում, այնպես էլ պետության ներսում: Ներկայումս կան երկրներ, որոնք վարում են խտրական քաղաքականություն, ինչպիսիք են՝ ապարտեիդը և սեգրեգացիան:

Ըստ իս՝ սա անընդունելի և դատապարտելի քաղաքականություն է: Կարծում եմ՝ այս հիմնախնդիրներից խուսափելու համար պետք է կրթել գիտակից և հանդուրժող հասարակություն՝ հետագայում ռասայի վրա հիմնված խտրական վերաբերմունքից ձերբազատվելու և խաղաղ հասարակությունում ապրելու համար: Ուստի՝ հանուն բոլորի բարօրության, խաղաղ ապագայի կոչ եմ անում բոլոր ազգերին, ժողովուրդներին լինել հանդուրժող, սիրել և հարգել միմյանց, չէ՞ որ ի վերջո բոլորս էլ մարդ ենք և ապրում ենք նույն մոլորակի վրա:

 

Հեղինակ՝ Սյուզաննա Արաբյան
Ուսանող հետաքրքրված մարդու իրավունքների և սոցիալական խնդիրների թեմաներով
Կոնտկտային տվյալ՝ https://web.facebook.com/syuzi.arabyan.3

Արաբյան Զյուզաննա

Կայքում տեղ գտած նյութերը իմաստային ամբողջականության առումով չեն խմբագրվել և չեն փոփոխվել՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով: Արտահայտված մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել կազմակերպության գործունեության, նպատակների և անդամների տեսակետների հետ։

Upcoming events

August 2018
M T W T F S S
« May    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները