World Armenian Youth Network

Մի ռասա՝ մարդկային ռասա

Մարտի 17-25-ը, հարյուրավոր միջոցառումներ տեղի ունեցան ամբողջ Եվրոպայում պայքարելու ռասիզմի դեմ և սատարելու բաց, ներգրավող և միացյալ հասարակություններին։ Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը միացել էր Գործողությունների chocolate-3շաբաթվան առաջխաղացնելու հանդուրժողականությունը, բազմազանությունը և համերաշխությունը։ Շաբաթվա կարգախոսն էր «Բազմազանությունը երբեք շատ չէ», որը նպատակ ունի ընդգծելու մեր նմանությունները, քան տարբերությունները։ Մենք դեմ ենք ռասիզմի բոլոր դրսևորումներին և տոնում ենք բազմազանությունը, որը հարստացնում է եվրոպական հասարակություններին։

Ոստայնը նույնպես միացել է Ռասիզմի դեմ պայքարի Եվրոպական շաբաթ 2018-ին՝ հայտարարելով էսսեների մրցույթ։ Ստորև ներկայացնում ենք Իրինա Բաղդասարյանի էսսեն։

***

Աշխարհը ստիպում է դեռ մանկուց ընդունել այս պիտակները, բայց այդ պիտակը դու չես, պիտակը ես չեմ, պիտակը ընդամենը պիտակ է…

- Good morning lady, give me a cup of black coffee without sugar, please,- ասաց սևամորթ տղան և ձեռքը տարավ դեպի գրպանը՝ դրամապանակը գտնելու:

- Ձեզ նմա՞ն,- շշնաց աղջիկը, և կողքին կանգնած աշխատակիցները սկսեցին բարձր հռհռալ ու հենց հռհռա՜լ, այլ ոչ ծիծաղել կամ ժպտալ: Հռհռալ բառի ամենաբուն նշանակությամբ: Հռհռալ այնքան ուժեղ, որ եթե տղայի փոխարեն անգամ քար լիներ, ճնշման ուժգնությունից կպայթեր:

Համենայն դեպս դա այն էր, ինչ պատահեց ինձ հետ:

Պատահաբար, թե բախտի բերումով հենց այդ պահին կարդում էի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան», որի համաձայն՝ իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից և այլ հատկանիշներից:

Սակայն ի՞նչ էր սա, եթե ոչ բացահայտ խտրականություն:

Տղայի այլայլված դեմքը ինքս ինձ հիշեցրեց: Տարիներ առաջ պատահած փոքրիկ մի դեպք, փոքրիկ մի անարդարություն, որը ստիպեց ինձ ընտրել իրավաբանի մասնագիտությունը և պաշտպանել մարդկանց իրավունքները:

Դեռ մանկուց ծնողներս ինձ սովորեցրել են հարգել բոլոր մարդկանց՝ անկախ տարբեր հատկանիշներից, և առաջին անգամ բախվելով անարդարության՝ շատ մեծ հիասթափություն ապրեցի:

Որոշ հանգամանքների բերումով ընտանիքով մեկնել էինք Թուրքիա: Ինչպես բոլոր հյուրանոցներում, այնտեղ ևս կար երեխաներին զբաղեցնելու կենտրոն, որտեղ, հավաքվելով տարբեր ազգության երեխաներ, զբաղվում էին տարբեր զբաղմունքներով: Ես և եղբայրս շատ ոգևորված գնացինք այնտեղ՝ ծանոթանալու տարբեր ազգության երեխաների հետ, նկարելու, մասնակցելու տարբեր մրցույթների: Ինչպես և կանխատեսում էինք՝ կային շատ տարբեր երեխաներ և գրեթե բոլորը ուրախ և ոգևորված զբաղվում էին որևէ հետաքրքիր զբաղմունքով: Որոշները տխուր էին. ձախողել էին առաջադրանքը, սակայն գեղեցիկ և բարեհամբույր թվացող աղջիկների սփոփանքը ստիպում էր ծիծաղել անգամ դժգոհ և հիասթափված երեխաներին: Անկեղծ ասած շատ խոստումնալից տեսարան էր: Սակայն, ինչպես ասում են, չպետք է դատել գիրքը՝ կազմին նայելով: Երբ ես և եղբայրս, մոտենալով աղջիկներից մեկին, ներկայացանք, լսելով մեր ազգությունը՝ բացականչեց՝ գյավո՛ւր, և ծամածռելով դեմքը՝ թողեց մեզ և հեռացավ: Մնացած աղջիկներից ոչ ոք այդպես էլ չմոտեցավ մեզ՝ չնայած իմ և եղբորս այլայլված, հիասթափված և կարեկցանք խնդրող հայացքներին: Եղբայրս վիրավորանքից սկսեց լաց լինել, իսկ ես, զգալով անարդարության համը, սեփական մաշկիս վրա ձևավորեցի ինքս ինձ համար որոշ կարծրատիպեր (որոնք այս 10 տարիների ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվեցին), որոնցից էին, օրինակ՝ բոլոր մարդկանց հավասար դասել անկախ մաշկի գույնից, ազգությունից, սոցիալական վիճակից, այլ աշխարհայացքից կամ այլ սովորույթներ ունենալուց:

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում «խտրականությունը»: Իմ կարծիքով՝ դա նույն պիտակավորման երևույթն է, որը ստիպում է աշխարհին որևէ հատուկ վերաբերմունք ցուցաբերել որոշ մարդկանց նկատմամբ: Բայց իրականում մարդկանց պետք է դիտել որպես անհատականություն և գնահատել միայն իրենց հատուկ ներքին հատկանիշներով: Դատել մարդուն ըստ մաշկի գույնի նույնն է, ինչ դատել մարդուն ըստ իր հագուստի կամ իր մեքենայի, բայց չէ՞ որ հագուստը, մեքենան կամ արտաքին տեսքը չեն կարևոր, այլ այն ինչ մարդու ներսում է: Բայց ո՞ւմ է պետք մաշկի գույնը, ազգությունը կամ գույքային դրությունը, երբ անձն օժտված է բացառիկ հմտություններով, ունակություններով կամ պարզապես մարդկային արժեքներով:

Շրջագայելով Եվրոպական տարբեր պետություններում, ԱՄՆ-ում և Թունիսի Հանրապետությունում՝ շատ եմ շփվել տարբեր ռասաների պատկանող մարդկանց հետ և պետք է նշեմ, որ խտրականությունը գոյություն ունի ամենուր, սակայն, իմ կարծիքով, ավելի մտահոգիչ է Հայաստանում տիրող իրավիճակը: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ իմ և ինձ նման շատ այլ երիտասարդների պայքարի շնորհիվ հասարակության ընկալումները շուտով կփոխվեն: Խնդիրն այն է, որ մարդիկ անսովոր են տեսնել իրենցից տարբերվողների, սակայն որքան էլ տարբերվող, անսովոր, տարօրինակ էլ դիմացինը թվա, անթույլատրելի է վիրավորել, ծաղրել կամ որևէ այլ կերպով խտրական վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ ներքին և արտաքին հատկանիշներից, սովորույթներից կամ ավանդույթներից:

Եվ վերջապես՝ ո՞վ է ասել, որ ռասան կարող է որոշել մարդու որակը: Եվ ի՞նչ կլիներ, եթե ի սկզբանե սպիտակամորթներն ու սևամորթները տեղերով փոխված լինեին: Ինչպե՞ս կզգային իրենց այն մարդիկ, ովքեր իրենց բարձր են դասում՝ ելնելով իրենց ծագումից:

 

Հեղինակ՝ Իրինա Բաղդասարյան
Հայաստանում ֆրանսիական քոլեջի մարքեթինգի ֆակուլտետում սովորելիս, մարդու իրավունքներով հետաքրքրված լինելու հանգամանքը և հնարավորինս շատ մարդկանց համար օգտակար լինելու ձգտումն ինձ ստիպեց ընտրել իրավաբանի մասնագիտությունը: Ներկայումս սովորում եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Տիրապետում եմ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին, սովորում եմ նաև իսպաներեն:

 

bi

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած նյութերը իմաստային ամբողջականության առումով չեն խմբագրվել և չեն փոփոխվել՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով: Արտահայտված մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել կազմակերպության գործունեության, նպատակների և անդամների տեսակետների հետ։

Upcoming events

September 2018
M T W T F S S
« May    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները