World Armenian Youth Network

Հին ու նոր չարիք

Մարտի 17-25-ը, հարյուրավոր միջոցառումներ տեղի ունեցան ամբողջ Եվրոպայում պայքարելու beer-3ռասիզմի դեմ և սատարելու բաց, ներգրավող և միացյալ հասարակություններին։ Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը միացել էր Գործողությունների շաբաթվան առաջխաղացնելու հանդուրժողականությունը, բազմազանությունը և համերաշխությունը։ Շաբաթվա կարգախոսն էր «Բազմազանությունը երբեք շատ չէ», որը նպատակ ունի ընդգծելու մեր նմանությունները, քան տարբերությունները։ Մենք դեմ ենք ռասիզմի բոլոր դրսևորումներին և տոնում ենք բազմազանությունը, որը հարստացնում է եվրոպական հասարակություններին։

Ոստայնը նույնպես միացել է Ռասիզմի դեմ պայքարի Եվրոպական շաբաթ 2018-ին՝ հայտարարելով էսսեների մրցույթ։ Ստորև ներկայացնում ենք Մանե Դավթյանի էսսեն։

***

Ռասիզմ՝ բոլորիս հայտնի երևույթ, որը, չնայած աշխարհի և մարդ տեսակի զարգացման մակարդակի ու 21-րդ դար թևակոխած լինելուն, շարունակում է մնալ արդիական:

Ռասիզմը` ցեղապաշտությունը, գիտակցական կամ անգիտակցական համոզմունքն է մեկ ցեղի (ռասայի) մյուսի նկատմամբ ունեցած գերակայության մասին:

ՊԱՏՄԱԿԱՆԱԿՆԱՐԿ

Ռասիզմը մարդու հնարած առավել սարսափելի տեսություններից է, որի ծագումը կապում են եվրոպացիների աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանի հետ: Գաղութացման քաղաքականությունն արդարացնելու համար, որը հաճախ ուղեկցվել է տեղի բնակիչների ոչնչացմամբ կամ ստրկացմամբ, ձեւավորվել են որոշ ժողովուրդների անլիարժեքության մասին տեսություններ: Ռասիստական տեսությունները շահեկան էին «ստորին» խմբերի շահագործումից շահույթ ստանալու համար եւ ամրագրվում էին համապատասխան օրենքներում, օրինակ` միջռասայական ամուսնությունների արգելքը:

Եթե փորձենք խորանալ երևույթի արմատներում, բացի շահութաբերությունից այնտեղ կգտնենք նաև մարդկային հսկայական եսասիրություն, միաժամանակ անլիարժեքություն` ստրկացնել մեկին, նվաստացնել, համարել նրան «ցածր»` այդ ֆոնի վրա նրանից «բարձր» ու ինքնաբավ զգալու համար:

Դարեր շարունակ հակամարտություններ են տեղի ունեցել հիմնական ռասաների միջեւ` սկսած սնոբիական սոցիալական մերժումներից մինչև պետականորեն հովանավորվող ցեղասպանություններ: Երբ գույնը չի եղել նախապաշարմունքի պատճառ, այլ պատճառներ են դեր խաղացել, ինչպիսիք են` լեզուն, կրոնը, ազգությունը, կրթությունը, սեռը կամ տարիքը:

Այս մարդիկ բնությունից ստացած իրենց բնական այս կամ այն հատկանիշի պատճառով ստորացվել են, խոշտանգվել, սպանվել: Նրանք եղել են ստրուկ, զրկված են եղել նվազագույն իրավունքներից, նրանց «մատով են ցույց տվել» ու կենդանուց էլ վատ վարվել նրանց հետ:

Միշտ էլ խտրականությունը առավելապես տարածված է եղել ոչ սպիտակամորթ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ, որոնց «ստորին կարգի» մարդ են համարել, ովքեր իբր ընդունակ չեն ստեղծելու բարձր զարգացած մշակույթ, հետևաբար հարկադրված են վերցնելու այն «բարձր» ռասաներից։ Մինչդեռ եկեք հիշենք պատմություն կերտած մի քանի անուններ։

Մարտին Լյութեր Քինգ. առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը 1950-ականներից սկսած և արժանացել է Նոբելյան մրցանակի (խաղաղության բնագավառում) ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար:

Նելսոն Մանդելա. Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Ռոզա Փարքս. աֆրոամերիկացի հասարակական գործիչ, քաղաքացիական իրավունքների ակտիվիստ, ԱՄՆ-ում սևամորթ քաղաքացիների իրավունքների համար շարժման նախաձեռնող, ում ԱՄՆ Կոնգրեսը կոչել է «քաղաքացիական իրավունքների առաջին տիկին» և «ազատության շարժման մայր»։

Նշեմ աշխարհին քաջ հայտնի ևս մի քանի անուն՝ Պելե, Մայքլ Ջորդան, Մայքլ Ջեքսոն, Կառլ Լյուիս, Ուսեյն Բոլտ, Բոբ Մառլի և շատ ուրիշներ, ովքեր սևամորթ են, եւ ում մաշկի գույնը չի խանգարել ստեղծել մնայուն արժեքներ, պայքարել մարդու իրավուքների համար, սիրվել միլիոնավոր մարդկանց կողմից, հասնել հաղթանակների, հետք թողնել պատմության մեջ:

Կուզեի մեջբերել ամերիկյան կինոպրոդյուսեր Դեյվ Ուիլիսի խոսքերը. «Աստված ստեղծել է մեր մաշկի գույները գեղեցիկ բազմազանությամբ, բայց մեր բոլորի հոգիները նույն գույնն ունեն»: Հրաշալի խոսքեր, որոնք պարզ են դարձնում ռասիզմի սին լինելը ու ընդգծում մարդկային հատկանիշները գնահատելու կարևորությունը: Սևամորթները, արաբները, հրեաները ու մյուս բոլորը, ովքեր խտրական վերաբերմունքի են արժանացել կամ արժանանում, ոչնչով չեն զիջում նրանց այդպես վերաբերվողներին։

ՄԵՐ ՕՐԵՐ

Եթե նախորդ դարերում առաջացած նման կարծրատիպերը կարելի է բացատրել նաև մարդկանց գիտակցության ցածր մակարդակով, սահմանափակ մտածողությամբ, ապա հիմա այս փաստարկը տեղին չէ: Մենք ապրում ենք ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքերը բարձրագույն արժեք են համարվում, մենք խոսում ենք հավասարությունից ու խտրականությունների արգելքից, պայքարում ենք քաղաքացիական հասարակություն ունենալու համար: Մենք ընդունել ենք խտրականությունն արգելող այնպիսի իրավական ակտեր, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան, բազում այլ միջազգային ու ներպետական ակտեր:

Այո՛, աշխարհը պայքարում է բոլոր տեսակի խտրականությունների դեմ, սակայն, ցավոք, ժամանակակից հասարակությունը դեռ չի թոթափել ռասիստական խտրականությունն ու թյուր մտածելակերպը: Փողոցում այլ ռասաների ներկայացուցիչներին մատնացույց անելն արդեն իսկ հավաստում է ռասիզմի գոյության մնացուկների մասին:

Հայաստանում այդպիսի մնացուկները շատ չեն, բայց եղածներն էլ խնդիր են: Ես ինքս ռասիստական դրսևորումների ականտես եմ եղել պարսիկների և հնդիկների նկատմամբ` ծաղրի տեսքով: Հատկապես տպավորվել են հետևյալ դեպքերը. մեր հարևանուհին ամուսնացել էր վիետնամցու հետ, ինչից հետո ծաղրի և վատ վերաբերմունքի էր արժանանում շրջապատի կողմից, իսկ հայ աղջկա` իր սևամորթ ամուսնու և երեխայի հետ հայկական տարազով նկարի արձագանքները բոլորը երևի կհիշեն:

Եթե ետ հայացք գցենք անցյալին, կտեսնենք, որ պատմության վատ էջերից շատերի պատճառը խտրականությունն է եղել, այդ թվում՝ ռասիզմը: Մարդկությունը այսօր առերեսվում է բազմաթիվ գլոբալ խնդիրների: Մենք ավելի քան երբևէ պետք է լինենք համախմբած, վերացնենք անհանդուրժողականությունը, սկսենք գնահատել բազմազանությունը, յուրաքանչյուրի անհատականությունն ու յուրատեսակությունը, որպեսզի կարողանանք կանխել նախկինում տեղի ունեցած չարիքների կրկնությունը և դիմակայել մարդկությանը սպասվող մարտահրավերներին:

 

Հեղինակ՝ Մանե Դավթյան
Կոնտակտային տվյալ՝ https://web.facebook.com/mane.davtyan.33 

Md

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած նյութերը իմաստային ամբողջականության առումով չեն խմբագրվել և չեն փոփոխվել՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով: Արտահայտված մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել կազմակերպության գործունեության, նպատակների և անդամների տեսակետների հետ։

Upcoming events

August 2018
M T W T F S S
« May    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները